COP17-ի օրակարգն ու Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների անտեսումը
«Առավոտ»-ի հետ զրույցում «Արցախ միության» անդամ, Արցախի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն անդրադարձել է COP17 համաժողովի շրջանակում Արցախի բնիկ ժողովրդին ներկայացնող կազմակերպություններին կանաչ գոտում տաղավար տրամադրելու մերժմանը՝ այն հակասություն համարելով համաժողովի հռչակած սկզբունքներին։
Ավանեսովի խոսքով՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր՝ Հայաստանը հնարավորություն ունի միջազգային հարթակում բարձրաձայնելու բնիկ ժողովուրդների խնդիրները, սակայն արցախյան կազմակերպություններին ներկայացված սահմանափակումները խոչընդոտում են այդ հնարավորության իրացմանը։
Նա ընդգծել է, որ Արցախի բնիկ ժողովրդի բռնի տեղահանությունը, մշակութային ժառանգության ոչնչացումը և էկոհամակարգին հասցված վնասները փոխկապակցված խնդիրներ են։ Նրա համոզմամբ՝ Արցախի բնական միջավայրի լիարժեք պահպանությունը հնարավոր չէ դիտարկել՝ անտեսելով պատմական կենսատարածքում բնիկ ժողովրդի ներկայության և իրավունքների հարցը։
Ավանեսովի գնահատմամբ՝ Արցախի էկոլոգիական և մշակութային լանդշաֆտների պահպանության խնդիրները պետք է դառնան միջազգային քննարկումների մաս։ Նա տաղավար տրամադրելու մերժումը դիտարկում է որպես ոչ միայն մեկ կազմակերպության, այլև շուրջ 150 հազար արցախահայերի իրավունքներն ու խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելու հնարավորության սահմանափակում։
