Արցախի դեմ ռազմական ագրեսիայի զոհ է դարձել 16 արցախցի երեխա

  • by Western Armenia, 05 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
33 դիտում

Լրագրող Ալվարդ Գրիգորյանը հայտնում է, որ  Արցախի դեմ ռազմական ագրեսիայի զոհ է դարձել 16 արցախցի երեխա։

Նրանք զոհվել են 2016, 2020, 2023 թվականների պատերազմներում: Եվս մի քանի տասնյակ երեխա տարբեր աստիճանի ծանրության վիրավորում են ստացել: Այս ամենը մանրամասնորեն արձանագրված է բազմաթիվ զեկույցներում, կոչերում, հայ իրավապաշտպանների համաշխարհային հանրությանը ուղղված հայտարարություններում՝ կից փաստերով և ֆոտո և տեսանյութերով։

«Յուրաքանչյուր պատերազմում առաջին զոհը միշտ երեխաներն են։ 2016 թվականի ապրիլին դպրոցի վրա արձակված ադրբեջանական հրթիռների առաջին անմեղ զոհը 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանն էր։ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, կրկին երեխա դարձավ առաջին քաղաքացիական զոհը՝ 8-ամյա Վիկտորյա Գևորգյանը։ 2023 թվականի աշնանային պատերազմում ադրբեջանական ագրեսիայի առաջին զոհերը 10 և 8 տարեկան եղբայրներ Միքայել և Նվեր Ղազարյաններն էին։ Այս և շատ այլ երեխաներ սպանվել կամ վիրավորվել են դպրոցների, մանկապարտեզների և բնակելի թաղամասերի վրա թշնամու հրթիռակոծության հետևանքով:

Յուրաքանչյուր 10 տարեկան արցախցի երեխա իրավունք ունի ասելու, որ իր կյանքում տեսել է երեք պատերազմ, անցել տոտալ շրջափակման միջով, ենթարկվել դաժան տեղահանության և հրաշքով փրկվել ցեղասպանությունից։

Աշխարհն անտարբեր է պատերազմի և Արցախի բազմաթիվ անմեղ զոհերի նկատմամբ։ Պարզվեց նաև, որ Ժնևի ոչ մի կոնվենցիա չի տարածվում թուրք-ադրբեջանական քաղաքականության վրա, իսկ միջազգային կառույցները գերադասում են երկակի ստանդարտներ։ Աշխարհը ոչ մի կերպ չարձագանքեց երեխաների մահվանը, էլ ինչ ասեմ սպանված կանանց ու ծերերի մասին»։