Արցախի Հանրային խորհուրդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջում է վերահաստատել արցախահայության վերադարձի իրավունքը

  • by WesternArmenia, 17 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
152 դիտում

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ մտահոգություն հայտնելով Հայաստանում COP17-ի շրջանակում նրա ելույթներում արցախահայության բռնի տեղահանման և հայրենիք վերադառնալու իրավունքի չհիշատակման կապակցությամբ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար արցախահայեր Ադրբեջանի ռազմական գործողությունների և նախորդած երկարատև շրջափակման հետևանքով հարկադրված են եղել լքել իրենց հայրենիքը։ Խորհուրդը շեշտում է, որ արցախահայության կապն իր պատմական հայրենիքի, մշակույթի և բնական ժառանգության հետ անքակտելի է։

Հղում անելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմանը՝ Հանրային խորհուրդը կոչ է անում աջակցել դրա կատարմանը և ապահովել արցախահայության անվտանգ, արժանապատիվ ու կամավոր վերադարձի իրավունքի պաշտպանությունը։

«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար»,- ասված է հայտարարության մեջ։ Խորհուրդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից ակնկալում է հստակ հրապարակային դիրքորոշում և գործնական արձագանք՝ ընդգծելով, որ խաղաղությունը չի կարող կառուցվել արցախահայության՝ հայրենիքում ապրելու իրավունքի անտեսման հիման վրա։