Արցախի Հանրային խորհուրդը պահանջում է վերանայել արցախյան համույթների մասնակցության չեղարկումը

  • by WesternArmenia, 24 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
51 դիտում

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խստորեն դատապարտել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցության չեղարկումը։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի հրապարակած նամակագրության համաձայն՝ Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահը հայտնել է, որ մի քանի դեսպանատներ միջամտել են՝ արցախյան համույթներին մեղադրելով ենթադրյալ «անջատողական գործունեության» մեջ։

Հանրային խորհուրդը նման մեղադրանքներն անընդունելի է համարել՝ ընդգծելով, որ արցախահայության մշակութային ինքնության պահպանումը չի կարող դիտարկվել որպես վտանգ։ Խորհուրդը նաև մտահոգություն է հայտնել արցախյան պատմամշակութային ժառանգության ոչնչացման և արցախցի արվեստագետների՝ իրենց մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնելու խոչընդոտների վերաբերյալ։

Հայտարարությամբ պահանջվել է հրապարակել միջամտած դեսպանատների անունները, ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը և անհապաղ վերանայել համույթների մասնակցությունը չեղարկելու որոշումը։

«Արցախի մշակույթի պահպանումը անջատողականություն չէ», — ընդգծել է Հանրային խորհուրդը՝ կոչ անելով հարգել արցախահայության մշակութային ինքնությունն ու ստեղծագործական ազատությունը։