Արցախի ՄԻՊ. «Փորձաքննության արդյունքները անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ»

  • by Western Armenia, 12 Դեկտեմբերի, 2022 in Քաղաքականություն
101 դիտում

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ՖԲ-ում գրառում է կատարել.  «Ադրբեջանի կողմից 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենքի կիրառության փաստը բազմաթիվ հայտարարություններից ու տեսանյութերից զատ, հաստատվեց նաև փորձագիտական եզրակացությամբ։  Դեռևս 2020թ. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները համատեղ զեկույց էին հրապարակել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված փաստահավաք աշխատանքների շրջանակում հայտնաբերվել ու հետազոտվել են ենթադրաբար ֆոսֆորային զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր, արցախյան և հայաստանյան բուժհաստատություններում բուժօգնություն են ստացել տարբեր աստիճանի քիմիական այրվածքներով զինվորականներ: Փորձաքննության արդյունքները անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու դրանցով ստանձնած պարտավորությունները։

Միջազգային հանրությունը իրավունք չունի անտեսելու այն փաստերը, որոնք վկայում են Ադրբեջանի հանցավոր նպատակների և գործողությունների մասին և հավատալ ադրբեջանական կեղծ և անհիմն «երաշխիք-խոստումներին»։