Արցախյան նախաձեռնությունը դատապարտում է բնակապահովման ծրագիրը

  • by Western Armenia, 21 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
25 դիտում

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որը կազմված է արցախյան տասնյակ հասարակական կազմակերպություններից, դատապարտում է արցախցիների բնակարանային կարիքների ապահովման՝ Արևելյան Հայաստանի կառավարության ծրագիրը։

«Չնայած մեր կողմից քանիցս ներկայացված առաջարկներին, որոնց հիմնական մասն արտացոլվել է մարտի 20-ի Նախաձեռնության հանրահավաքում ընդունված հայտարարության մեջ. «ՀՀ կառավարության նշված որոշումն ընդհանրապես հաշվի չի առնում ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի ռազմավարական նպատակը, ո՛չ համայնքային բնակեցման անհրաժեշտությունը, ո՛չ էլ՝ մի շարք այլ հիմնարար սկզբունքներ ու պայմաններ: Ավելին, ընդունված մոտեցումն ի վիճակի չէ լիովին բավարարել բռնի տեղահանված անձանց մեծամասնության նույնիսկ անհատական ու ընտանեկան բնակարանային կարիքները: Հետևաբար, այն մեծապես խթանելու է Արցախի ժողովրդի հետագա արտագաղթը Մայր Հայաստանից և չքավորության մակարդակի խորացումը»,- ասված է հայտարարությունում։

Նախաձեռնությունը նշում է, որ որոշումն ընդունվել է ներառականության գրեթե զրոյական պայմաններում, թեմայի շուրջ չեն կազմակերպվել հանրային լսումներ ու հանրային հարցումներ․ «Արևելյան Հայաստանի իշխանություններն անտեսել են Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության շարունակական ու կառուցողական առաջարկներն ու դիմումները՝ ներգրավվելու ծրագրի նախագծի մշակման աշխատանքներում և ապահովելու պատշաճ հանրային քննարկումներ այդ կարևոր ծրագրի շուրջ: Բացի բանավոր բազմաթիվ հորդորներից՝ Նախաձեռնությունն այդ հարցով նաև գրավոր կերպով է դիմել ՀՀ վարչապետին ու փոխվարչապետին, սակայն բախվել է բացարձակ անտեսման ու մերժողականության»։

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը պահանջում է ՀՀ կառավարությունից կասեցնել հաստատված ծրագիրը և այն դնել պատշաճ հանրային քննարկման․ «Հորդորում ենք՝ Արցախից բռնի տեղահանված անձանց զերծ մնալ այս տեսքով ծրագրից օգտվելուց, քանի դեռ այն պատշաճ ձևով հիմնարար վերանայման չի ենթարկվել»։