Կենսաբազմազանության համաշխարհային համաժողովի՝ COP17-ի նախաշեմին Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը նախաձեռնել է հրապարակումների շարք՝ միջազգային հանրության ուշադրությունը Արցախի բնական միջավայրին հասցված վնասների և դրանց հետևանքների վրա հրավիրելու նպատակով։
2020 թվականի պատերազմի ընթացքում ծանր վնասներ են կրել ոչ միայն Արցախի բնակավայրերն ու մշակութային հուշարձանները, այլև բնական էկոհամակարգերը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ի տվյալներով՝ հրդեհվել էր շուրջ 1815 հեկտար անտառածածկ տարածք։ Անտառային հրդեհները սպառնում էին կենսաբազմազանությանը, կենդանիների բնական միջավայրին, հողերի կայունությանը և բնակչության առողջությանը։
Նույն թվականի նոյեմբերին Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել էին համատեղ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրկիզող զինամթերքի, հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման վերաբերյալ։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Արցախի դատախազությունը հայտնել էր, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ֆոսֆորային զենքի կիրառության փաստը հաստատվել էր նաև փորձագիտական եզրակացությամբ։ Այս տվյալները պահանջում են անկախ մասնագիտական ուսումնասիրություն և միջազգային իրավունքի շրջանակում պատշաճ քննություն։
Բնապահպանական վնասների ամբողջական գնահատման համար անհրաժեշտ է փաստագրել հրդեհված տարածքները, ուսումնասիրել էկոհամակարգերի երկարաժամկետ վնասները, պահպանել ապացույցները և պարզել պատասխանատվության հարցը։ Արբանյակային պատկերները, տեսանյութերը և փորձագիտական եզրակացությունները կարող են կարևոր նշանակություն ունենալ այդ գործընթացում։
Արցախի բնական միջավայրի պաշտպանությունը չի կարող տարանջատվել բնակչության անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից։ COP17-ի նախաշեմին նախաձեռնության հեղինակները շեշտում են, որ կենսաբազմազանության պահպանությունը պետք է լինի համընդհանուր սկզբունք, իսկ պատերազմի հետևանքով բնությանը հասցված վնասները՝ միջազգային ուշադրության և քննության առարկա։
