Արցախում առողջապահական լուրջ ճգնաժամ է. Անահիտ Ավանեսյան

  • by Western Armenia, 21 Հուլիսի, 2023 in Քաղաքականություն
59 դիտում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամին, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհի ամբողջական շրջափակման։  

«Այս պահին  կան նաև բուժառուներ, որոնք Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն: Առավոտյան էլ խոսել եմ, և այժմ հնարավորինս մոտ ժամանակներում ակնկալում ենք տեղափոխում իրականցնել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

Անդրադառնալով դեղորայքային պաշարներին՝ նախարարը նշեց, որ   այս պահին Արցախում բոլոր պլանային միջամտությունները կասեցված են․ բոլոր դեղորայքային և բժշկակական նշանակության ապրանքները օգտագործվում են միայն անհետաձգելի ու սուր կարիքի պարագայում:

«Դեղորայքային ռեսուրսներն Արցախում,  իհարկե, անսպառ չեն․ այս  իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական ճգնաժամ, քանի որ այս պահին ամբողջ գործընթացը խաթարված է, և Արցախ դեղորայքի նոր խմբաքանակ չի մտնում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հավելեց, որ միջազգային բոլոր գործընկերներին թե՛ կոչերով, թե գրավոր ձևով փոխանցում է ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվությունը: