”Արցախցիների բնակարանային ծրագրի ռազմավարությունը խրախուսում է արտագաղթը”. Արտակ Բեգլարյան

  • by Western Armenia, 17 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
53 դիտում

“Երեկ՝ Արևելյան Հայաստանի կառավարության կողմից ընդունված, արցախցիներին՝ բնակարանով ապահովելու ծրագիրը մի շարք հիմնարար խնդիրներ ունի”,֊ ասում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նա որոշ ասպեկտներ է մատնանշում՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված գրառման մեջ.

1. “Այս ու մնացած բոլոր որոշումներն այդպես էլ չընդունվեցին հանրային քննարկումների արդյունքում, այլ՝ նախագիծը մշակվեց ու շրջանառվեց գաղտագողի կերպով՝ խախտելով ներառականության ու ժողովրդավարության թե՛ ներպետական օրենսդրությունը, թե՛ միջազգային սկզբունքները: Մեր հասարակական ճնշման ներքո մարտին մի քանի օր քննարկումների իմիտացիա արեցին որոշ խմբերի հետ, բայց անհատ արցախցիների հետ կայացած այդ հանդիպումները շատ հեռու էին ներառականությունից: Ավելին, իշխանությունները լրիվ անտեսեցին նաև Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչների շարունակական պատրաստակամությունը՝  աջակցելու ծրագրի մշակման աշխատանքներին:

2. Ակնհայտ է, որ Արևելյան Հայաստանի կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է՝  առանց ռազմավարության, իսկ ավելի ճիշտ` մի շարք հիմքեր կան պնդելու, որ եղած ռազմավարությունը՝ արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է:

3. Հաստատված ծրագիրը սկզբունքային խնդիրներ ունի՝ ընտրված մոտեցումների առումով, որոնք չեն լուծելու ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի թեմայի պահպանման հարցը, ո՛չ տեղահանված անձանց մեծամասնության մարդասիրական խնդիրները, ո՛չ էլ ՀՀ ժողովրդագրական խնդիրները: Ավելի մանրամասն կարծիքս կհայտնեմ առաջիկա օրերին, երբ հասցնեմ ավելի խորությամբ ուսումնասիրել ու վերլուծել հրապարակված նյութերը”։֊գրել է Արտակ Բեգլարյանը։