Արևելյան Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից

  • by Western Armenia, 18 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
38 դիտում

Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Արևելյան Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։

Ըստ «Ազատության»  հրապարակած տեղեկությունների կան դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։ Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Արևելյան Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները, և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», – ասված է փաստաթղթում։

Եվրամիության այս հիմնադրամը ստեղծվել է 2021-ին։ Նպատակն է միջոցներ տրամադրել, որոնցով կգնվեն ոչ մահաբեր զինատեսակներ կամ կարողություններ՝ աշխարհի տարբեր ծայրերում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և միջազգային անվտանգությունն ամրապնդելու համար։