Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ 

  • by Western Armenia, 11 Մայիսի, 2023 in Քաղաքականություն
136 դիտում

1926 թ.  «Ենի Սաբահ» թերթում հրատարակված երեք հոդվածները, որտեղ խոսվում է Հայերի դեմ իրականացված ջարդերի մասին,  թարգմանաբար հրատարակել է նաև Օսմանյան պատմագիտական ընկերությունը: Իսկ «Ենի Սաբահ» թերթը 1949 թ. նոյեմբերին ձեռնարկել է այս հոդվածների վերահրատարակությունը, սակայն քննադատությունների և բողոքների պատճառով ստիպված է եղել դադարեցնել, քանի որ կասկածի տակ էր դրվում հուշերն Աբդուլ Համիդին պատկանելու հարցը: Այնուամենայնիվ, հուշերի իրական լինելու հանգամանքը կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ հուշագրության առանձին հատվածներ գերմանական նշված պարբերաթերթում լույս են տեսել 1913 թ., մինչդեռ սուլթանը մահացել է 1918 թ.: Այս պարագայում ինչպե՞ս է կարելի բացատրել Աբդուլ Համիդի լռությունը: Վերջինս, անշուշտ, կարդացել է դրանք և կարող էր հերքել իր գրչին պատկանելը:

Թուրքական պատմագրության մեջ նկատելի են Աբդուլ Համիդի II-ի կերպարի լուսաբանման տարբեր մոտեցումներ: Նրա հուշագրությունների շուրջ թուրք պատմաբանների միջև ծավալված վիճահարույց քննարկումները ցույց են տալիս, որ Աբդուլ Համիդի գործունեությունը միանշանակ չի ընկալվել թե´ հասարակության և թե´ գիտական շրջաններում: Ամեն դեպքում սուլթանի` իբրև հեղինակի մասին կասկածները նպաստել են դրանց նկատմամբ մեծ հետաքրքրության աճին: Ուսումնասիրելով քննարկվող հուշագրությունը՝ մենք փորձել ենք ներկայացնել դրանում տեղ գտած պատմագիտական տեսանկյունից կարևոր և հետաքրքրություն ներկայացնող այն հատվածները, որոնք առնչվում են հատկապես Հայկական հարցին և կոտորածներին, Օսմանյան կայսրությունում հայերի կյանքին ու կարգավիճակին, ինչպես նաև սուլթանի հրամանով նրանց «խռովությունները» ճնշելուն:

Աբդուլ Համիդի մտքերը սկզբնական շրջանում գրի է առել Ալի Մուհսին անունով մի պալատական գրագիր, սակայն ռամազանի ժամանակ աշխատանքները դադարեցվել են, և, ինչպես նշում է նախկին սուլթանը, իրենք այդուհետ այլևս չեն հանդիպել: Միայն որոշ ժամանակ անց որդու՝ Աբդուռահիմի միջոցով նա տեղեկացել է, որ Մուհսին բեյին բանտարկել են պալատի նկուղում: Աբդուլ Համիդի դուստր Այշե Օսմանօղլուն ևս, իր հուշերում անդրադառնալով այս թեմային, նշում է, որ Մուհսին բեյի բանտարկության պատճառը եղել է իր հոր հուշերը գրի առնելը: Թուրք գրող Դանիշմենդը գրում է, թե իբր Աբդուլ Համիդի աղջիկներից Այշե սուլթանուհին տեսել է, որ իր հայրը գրության տրցակը հանձնել է փաշաներից մեկին հրատարակության նպատակով։

Իսմեթ Բոզդաղը, ներկայացնելով սուլթանի հուշերը գտնելու պատմությունը, նշում է, որ 1944 թ. աշնանը Բուրսայի Բոզդաղ գրախանութում է ձեռք բերել հուշագրությունը, որի վրա մատիտով գրեթե անընթեռնելի գրված է եղել, որ դրանք պատկանում են Աբդուլ Համիդ II-ին: