Բաքվի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավար Թրոյ Դուլիի հետ, որի ժամանակ քննարկվել են Բաքվի և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության հեռանկարները։
Բայրամովը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում փախստականների և ներքին տեղահանվածների խնդրին։ Սակայն այս պարագայում ևս, Բաքուն, ի դեմս երկրի արտգործնախարարի, ցուցաբերում է խիստ ընտրանքային մոտեցում։ Նա մոռացության է մատնել այն հանգամանքը, որ ընդամենը ամիսներ առաջ Արցախի հայությանը հենց իրենց ռազմաքաղաքական վադալիզմը ենթարկեց բռնի տեղահանման հումանիտար աղետից ու քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ ուղեկցված պատերազմից հետո։ Այս մասին ահազնագում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը։
Նշում են՝ արտգործնախարարը նաև մոռանում է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Բաքուն ևս պարտավորություն է վերցրել ապահովել բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը նախկին բնակավայրեր, ինչը անուղղակիորեն նշանակում է նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներից բռնի տեղահանված հայության ապահով և անվտանգ վերադարձ, մինչդեռ համաձայնագրի այդ կետն իրականացվել է միակողմանիորեն՝ Արցախը բնակեցնելով ադրբեջանցիներով՝ փոխելով երկրամասի բնական և հազարամյա էթնիկ կազմը։
Շեշտում են՝ Բայրամովը, կարծես թե, չի կարողանում վերհիշել, թե 36 տարի առաջ ինչպիսի կոտորածների են ենթարկվել Սումգայիթի հայերը, թե 34 տարի առաջ ինչ եղավ Բաքվի հայության հետ, թե ինչպիսի բարբարոսությամբ 32 տարի առաջ բնաջնջվեցին Մարաղայի բնակիչները։
Իսկ Ադրբեջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը կարծես դժվարանում է հստակորեն տեսնել, որ իր զրուցակիցը մեկն է այն հանցախմբից, որը պատասխանատվություն է կրում 2020-2023 թթ․ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ իրականացված հանցանքների համար։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հորդորում է Միգրացիայի միջազգային կազմակերպությանը աչալուրջ գտնվել իր ներկայացուցիչների գործունեության նկատմամբ՝ արժանի և անաչառ գնահատականներ տալով այն քաղաքական գործընթացներին, որոնք հանգեցրել են փախստական և բռնի տեղահանված երևույթների առաջացմանը։
