Ամերիկյան հայտնի Newsweek հանդեսը հրապարակել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի հոդվածը։ Մի մասը ներկայացնում են ստորեւ․
«Վերջին տարիներին Բաքվի բռնապետական ռեժիմը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ցեղասպանություն է իրականացրել Արցախի բնիկ հայերի նկատմամբ, ինչպես գնահատվել է միջազգային առաջատար փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի կողմից»,- նշված է հոդվածում: Բացի բազմաթիվ հայկական ու քրիստոնեական հուշարձանների ավերածությունից, Բաքուն ցեղասպանական քաղաքականությունը հանգեցրել է մոտ 150,000 հայերի բռնի տեղահանմանը մեր հինավուրց հայրենիքից:
Շեշտվում է, որ տարիներ շարունակ Freedom House-ը դասակարգել է Բաքուն որպես «ոչ ազատ» երկիր, որն ունի քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների աշխարհի ամենավատ ցուցանիշներից մեկը՝ ինչպես ներքին խախտումների, այնպես էլ հայերի դեմ իրականացված հանցագործությունների պատճառով:
Ցեղասպանության առաջին փուլի՝ 2020թ.-ի ավարտից հետո Բաքվի իշխանությունները 2022թ.-ի դեկտեմբերին շրջափակման ենթարկեցին Արցախի հայերին: Ինչպես փաստում է Amnesty International-ը, շրջափակումը հանգեցրել է անհրաժեշտ մթերքների, դեղորայքի և վառելիքի խիստ պակասության՝
առաջացնելով ծանր հումանիտար ճգնաժամ:
Չնայած ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ)՝ 2023թ.-ի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին ընդունված հրամաններին, որոնք պահանջում էին Բաքվից վերացնելու շրջափակումը, Ալիևի ռեժիմը ոչ միայն շարունակեց շրջափակումը, այլև սեպտեմբերին սկսեց ագրեսիա, որը հանգեցրեց ամբողջ բնակչության բռնի տեղահանմանը:
Հետագայում՝ 2023թ.-ի նոյեմբերի 17-ին ԱՄԴ-ը նոր հրաման ընդունեց, որը ճանաչեց բռնի տեղահանումը և պարտավորեցրեց Բաքվին ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը և մի շարք այլ քայլեր: Բացի այդ, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) մտահոգություն է հայտնել Բաքվում հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածման վերաբերյալ: ECRI-ի վերջին զեկույցն ընդգծել է ռասիզմի և անհանդուրժողականության հետ կապված ընթացիկ խնդիրները:
ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն (CAT) նույնպես ահազանգել է հայերի նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում արտադատական սպանությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին՝ ընդգծելով, որ այդ գործողությունները հաճախ կատարվում են էթնիկ ատելության հիման վրա:
Freedom House-ը բառացիորեն օրեր առաջ հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ «Բաքվի փաստագրված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման չափանիշներին, ինչպես դրանք հասկացվում են նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում՝ արտադատական սպանությունների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և ազատազրկումների, սննդի և կենսապահովման դեղորայքի հասանելիության սահմանափակումների, հարկադրական վտարման, բնակչության բռնի տեղահանման և գույքի նպատակային ոչնչացման միջոցով»:
Շարունակելի․․․
