ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկած անձինք ընդգրկվել են «պերսոնա նոն գրատա» ցուցակում։ Մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատի վերականգնումը, այդ անձանց արգելվում է մտնել Բաքվի տարածք, հայտարարել է Բաքվի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Բաքվի հասցեին Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի հայտարարությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այս կապակցությամբ Հաջիզադեն նշել է Բաքվում «քաղաքական կայունության» և «առաջընթացի» մասին։
Նա հավելել է, որ Արցախը օկուպացնելու ուղղությամբ Բաքվի ձեռնարկած քայլերը, որը նա անվանել է «ազատագրում», ինչպես նաև Ադրբեջանի «անկախ» քաղաքականությունը չեն համապատասխանում «Շվաբեի նման անհատների նենգ մտադրություններին»։
Ավելի վաղ Շվաբեն հայտարարել էր, որ Բաքուն երկար տարիներ կաշառել է ԵԽԽՎ պատգամավորներին և պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին։
