Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովում, Արեւելյան Հայաստանին վերաբերող մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Երևանին մատակարարվող ֆրանսիական զենքի, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև ընթացող խաղաղության բանակցությունների մասին։
«Նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել՝ զգալով, որ կարող է ագրեսիայի ենթարկվել այլ պետության կողմից»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ինչպես նշել է նախագահ Մակրոնը, վերջին տասնամյակի ընթացքում Բաքուն շատ ավելի լավ է զինվել, քան Արեւելյան Հայաստանը:
«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հենց Բաքուն է, որ սարսափելի պատերազմ է սկսել 2020-ին»,- հայտարարել է նախագահ Մակրոնը։
Նա կարծում է, որ ռազմական տեսանկյունից` ցանկացած երկրի հետ համագործակցությունը միանգամայն նորմալ երևույթ է միջազգային պրակտիկայում։
Ավելի վաղ Փարիզում Արեւելյան Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքում կողմերը պայմանագիր էին ստորագրել ֆրանսիական CAESAR հաուբիցների մատակարարման վերաբերյալ: Լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ խոսքը 36 հրետանային կայանքների մասին է։
