Բաքուն շուտով կպատասխանի խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի մեկնաբանություններին

  • by Western Armenia, 14 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
39 դիտում

Բաքուն մոտ ժամանակներս կպատասխանի երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Երևանի մեկնաբանություններին։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ներկայում ադրբեջանական կողմն իր կարծիքն է ձևավորում հայկական կողմից ստացված մեկնաբանությունների վերաբերյալ: Մեր պատասխանը առաջիկայում կփոխանցվի Հայաստանին»,- նշել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ այժմ երկու երկրները հարաբերությունների կարգավորման պատմական հնարավորություն ունեն։ «Ե՛վ Բաքուն, և՛  Անկարան կարծում են, որ տարածաշրջանի հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն էլ կձեռնարկի հաջորդ քայլերը՝ ելնելով նման մոտեցումից»,- հավելել է Բայրամովը։

Դեկտեմբերի 6-ին Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը Հայաստանի իշխանություններին մեղադրեց խաղաղության փաստաթղթի վրա աշխատանքի ձգձգման մեջ: Նրա խոսքով՝ «խաղաղության պայմանագիրը առավելագույնը վեց-յոթ էջանոց փաստաթուղթ է, որը ներառում է 20-ից պակաս հոդված»։ Նրա խոսքով՝ «Հայաստանին 70 օր պահանջվեց ադրբեջանական կողմի մեկնաբանություններին պատասխանելու համար»: Բաքվի նախագահը նշել էր, որ ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների շուրջ հինգ-վեց փոխանակում, իսկ վերջին անգամ «ադրբեջանական կողմն իր վերջին մեկնաբանություններն ուղարկել էր սեպտեմբերի 11-ին»։

Հաջորդ օրը Արևելյան  Հայաստանը հայտարարեց, որ պատասխանել է ադրբեջանական կողմի մեկնաբանություններին։