Բաքվի Միլլի Մեջլիսի «Օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների» հարցերով հանձնաժողովը հրապարակել է ծավալուն զեկույց՝ «Հիբրիդային հարձակումները COP29-ի դեմ» թեմայով։ Զեկույցում Ադրբեջանը հերթական անգամ ներկայացնում է կեղծ մեղադրանքներ Հայաստանի և այլ երկրների հասցեին։
Զեկույցի նախաբանում նշվում է, որ իբր Հայաստանը 1991-ից ի վեր «միջամտում է Բաքվին», իսկ 300,000 ադրբեջանցիներ «բռնի տեղահանվել են» ներկայիս Հայաստանի տարածքից։ Հետևում են տարածքային հավակնություններ և Արցախի վերաբերյալ ագրեսիայի «արդարացումներ»։
Բաքուն նաև մեղադրում է միջազգային կազմակերպություններին՝ «Freedom House», «NED», «Human Rights Watch», «Amnesty International» և այլոց՝ իրենց դեմ գործողություններում։ Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Վարդանյանը և Նուբար Աֆեյանը զեկույցում ներկայացվում են որպես «հակաադրբեջանական քարոզարշավի» մասնակիցներ, ինչը ևս ապացուցում է Բաքվի քաղաքական ճնշման և տեղեկատվական պատերազմի դրսևորումները։
Այս զեկույցը ցույց է տալիս Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը՝ Արեւելյան Հայաստանի և միջազգային հանրության նկատմամբ: Ալիևի վարչակարգը դժգոհ է COP29-ի արդյունքներից և ձգտում է մեղքը բարդել «գլոբալ հայկական համայնքի» վրա։ Հայաստանի համար սա կարող է դառնալ Բաքվի խոսույթներին հակազդելու և միջազգային հարթակներում ակտիվանալու հնարավորություն։
