Բաքվի Պաշտպանության նախարարության կողմից կառավարվող լրատվականը որոշել է ՀՀ-ում Իրանի դեսպանին մեղադրել «ռևանշիզմի մեջ»։ Այս մասին հայնտում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ օրերս դեսպանը «Ազատություն» ռադիոակայանին տված հարցազրույցում խոսել էր Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին։
«Սոբհանին առաջին դեսպանը չէ, որ խոսում է այդ հարցի մասին, ինքս մի քանի ընդունելությունների ժամանակ լսել եմ դեսպաններից այդ հարցի բարձրաձայնումը։ Սա խնդիր է, որի հետ կապված ոչ մեկ չի կարող երկրորդ կարծիք ունենալ։ Արցախի հայերին հարկադրել են լքել իրենց տունն ու հայրենիքը, ուստի նրանք ունեն վերադարձի անքակտելի իրավունք»,- գրել է Տաթեւիկ Հայրապետյանը։
Բաքվի լրատվականը հոդվածում նաեւ նշել է, որ հայերն այդտեղ իբր «անօրինական» էին ապրում։
«Երևի Մեսրոպ Մաշտոցն էլ ապօրինաբար առաջին հայկական դպրոցն Ամարասում է հիմնել։ Փաստացի, Բաքվի համար ով խոսում է հայերի իրավունքների մասին «ռևանշիստ է»»,- իր գրառման մեջ ընդգծել է Հայրապետյանը։
