Բաքվի սադրանքը Իրանի դեմ

  • by Western Armenia, 13 Փետրվարի, 2024 in Քաղաքականություն
74 դիտում

Լրագրող Հակոբ Բադալյանը հայտնում է, որ փետրվարի 12-ի լուսադեմին՝ Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական ռազմական սադրանքը, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ, ըստ էության արժի դիտարկել նաեւ ավելի ընդգրկուն համատեքստով: 

Այդ իմաստով ուշադրության է արժանի, որ Ադրբեջանը ռազմական արկածախնդրության է դիմում Թեհրանում՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի մեկնարկից առաջ:

Այդ հանձնաժողովի աշխատանքի համար փետրվարի 13-ին Թեհրան է գործուղղվել Հայաստանի պատվիրակությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, որն ,ի դեպ, օրեր առաջ Տավուշի սահմանային հատվածում հանդիպեց  Բաքվի փոխվարչապետ Մուստաֆաեւին՝ սահմանազատման եւ սահմանագծման հարցերի վերաբերյալ աշխատանքի շրջանակներում: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստից օրեր առաջ ՝ Երեւանում, բավականին ուշագրավ հայտարարություններ արեց Հայաստանում ՝ Իրանի դեսպան Սոբհանին: Նա հայտարարեց, որ Կովկասի կայունությունն ու խաղաղությունը կախված է ուժերի բալանսից , եւ Իրանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի ուժեղ, որպեսզի ապահովվի այդ բալանսը՝ որպես կայունության ու խաղաղության գրավական։

Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է օժանդակել այդ բալանսի ապահովմանը: Սրանք կարեւոր եւ նշանալի հայտարարություններ են, որոնք, անշուշտ, արտացոլում են Իրանի՝ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահերը՝  միեւնույն ժամանակ համահունչ լինելով Հայաստանի շահերին ու հետաքրքրություններին: Իրանի համար (հատկապես մերձավորարեւելյան ռեգիոնում ծավալվող զարգացումների պայմաններում), հույժ կարեւոր է դառնում Կովկասի կայունությունը՝  որպես թիկունքային ապահովություն: Միեւնույն ժամանակ՝ Իրանի դեմ գործող սուբյեկտների համար ևս Կովկասը դիտարկվում է՝  Իրանին թիրախավորելու համար գոտի, ինչում, անկասկած, գործիք է դիտվելու ՝ Ադրբեջանը, իսկ տարբերակ՝ Հայաստանի հանդեպ ռազմական սադրանքի միջոցով Կովկասի ապակայունացումը: Ահա այդ իմաստով՝  Ներքին Հանդի ուղղությամբ՝ Ադրբեջանի սադրանքն, ըստ էության, ուղղակի թե անուղղակի ճնշման փորձ է նաեւ Իրանի դեմ ։ Հատկանշական է, որ դա տեղի է ունենում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստից առաջ, ընդ որում՝  հենց Իրանին մոտ սահմանային ուղղությամբ՝ կապանյան գոտում: