Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է առանց Արևմուտքի միջամտության․ Պատրուշև

  • by Western Armenia, 08 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
71 դիտում

«Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, սակայն Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը»,-  հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք շահագրգռված ենք հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- ասել է նա։

ՌԴ ԱԽ քարտուղարի խոսքով, Ռուսաստանը հետևողական կերպով քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։

«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու  դեպքում։ Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում են հակասությունների պահպանմանը»,- ընդգծել է նա։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը ափսոսում է, որ Ռուսաստանը չի հարգել Արցախի և նրա հայ բնակչության նկատմամբ ստանձնած պարտավորությունները և չի կանխել արցախահայության ցեղասպանությունը։