Բաքվում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցված է

  • by Western Armenia, 30 Հոկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
87 դիտում

 

Այս պահի դրությամբ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը։ Տեղական լրատվամիջոցներին հետ զրույցում այս մասին ասել է  Բաքվի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Նրա խոսքով՝ Բաքուն պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։

Դիվանագետի գնահատմամբ` Արցախում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնք նա անվանել է  Բաքվի «տարածքային ամբողջականության վերականգնում», խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը հեշտացել է, իսկ հավանականությունը` մեծացել: 

Նշենք, որ Արևելյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։

Հիշեցնենք` 2021 թվականին Բաքվիի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց Արևելյան Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

Արևելյան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։