Բելգիայի Սենատում կազմակերպվել է’ Արցախին ու Հայաստանին նվիրված քննարկում

  • by Western Armenia, 26 Մարտի, 2024 in Քաղաքականություն
21 դիտում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Արցախը» խորագրով կլոր սեղան- քննարկումն էր, որի նպատակն էր վերլուծել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումները,Արցախի  հակամարտությունը և Հայաստանի  առջեւ ծառացած մարտահրավերները:

Կլոր սեղանի գլխավոր բանախոսներ էին Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան, Clingendael ինստիտուտի համահիմնադիր Փոլ Մերթսը, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը եւ Արցախի՝ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին նաեւ բելգիացի այլ քաղաքական եւ հասարակական գործիչներ, Բելգիայի հայ համայնքի, ինչպես նաեւ՝  այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Կլոր սեղան քննարկումը վարում էր բելգիացի սենատոր, Հայաստանի եւ Վրաստանի հետ միջխորհրդարանական միության ղեկավար Մարկ Դեմեսմաեկերը։

Արցախի՝  մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարեւորեց եվրոպական հարթակում նման քննարկումների անցկացումը, ցավով ընդգծելով, որ արցախահայության վերադարձի հարցն օրակարգում չէ, ինչպես հարկն է, եւ այդ հարցում կա միջազգային հանրության օգնության կարիքը։ «Մեր իրավունքները միայն ֆինանսական ասպեկտ չունեն, մեզ համար կարեւոր է՝ արժանապատիվ վերադարձը մեր տներ եւ մեր ինքնության պահպանումը», – հավելեց Ստեփանյանը։

Քննարկման ավարտին հարց ու պատասխանի ժամանակ հնչած մտքերում կարեւորվեց այն փաստը, որ ներկա աշխարհաքաղաքական համատեքստում պետք է ամեն գնով կանխել Բաքվի  դիվանագիտությունը, հզորացնել հայոց բանակը։