Բելգիայում Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թեմայով համաժողով է անցկացվել

  • by Western Armenia, 18 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
39 դիտում

Լյուվենի հայ ուսանողները կազմակերպության (Armenian Students Leuven – ASL)  նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ոգեկոչելով Հայերի դեմ իրականացված  Ցեղասպանությունը՝ անդրադարձ պատմական հիշողությանն այսօրվա համատեքստում» խորագրով համաժողով, որի գլխավոր բանախոսներն էին Բելգիայում Արևելյան Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս վան Հոֆը եւ քաղհասարակության շահերի պաշտպանության ավագ մասնագետ Նիկոլա Դավիթյանը։ 

Համաժողովի նպատակն էր զուգահեռներ անցկացնել հայ ժողովրդի ապրած պատմական անցյալի եւ ներկա զարգացումների միջեւ։ «Լյուվենի հայ ուսանողներ» կազմակերպության հիմնադիր Մարիամ Հարությունյանը բացման խոսքում նշեց, որ հայ ժողովրդի պատմությունը բարդ է, սակայն հաճախ չի պատմվում մեծ մասշտաբով: Այդ իսկ պատճառով ցանկացել են, որ այս տարվա միջոցառումը տարբերվի և ուսանողության մասնակցությունը լինի բազմաշերտ։ Մարիամ Հարությունյանի խոսքով՝ միջոցառման բուն նպատակ էր կրթել հայ երիտասարդներին, թե ինչպես նրանք կարող են ներգրավվել գործընթացում, ցույց տալ նրանց դրա տարբեր ուղիները․ բանախոսներն ընտրվել էին՝ հենց սա հիմք ընդունելով։

Դեսպան Բալայանն իր ելույթում կարեւորել է նման նախաձեռնությունները՝ ոչ միայն ուղերձ փոխանցելու, այլեւ քննադատություն լսելու տեսանկյունից։ ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի խոսքով՝ կարեւոր է Բրյուսելում նման միջոցառումների անցկացումը, քանի որ Բրյուսելը դարձել է կարեւոր վայր Հայաստանի համար։ Դեսպանը հույս ունի, որ դա կշարունակի այդպես մնալ առաջիկա տասնամյակներին։ «Հարյուր տարի անց մենք նորից ականատես եղանք հայերի նկատմամբ հերթական վայրագություններին, որն ավարտվեց էթնիկ զտմամբ։ Սա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ անպատժելիության մտածելակերպն է մղում ուժերին նման վայրագություններ իրականացնել», – ընդգծեց դեսպան Բալայանը՝ նշելով, որ հայերին թշնամու կերպարով ներկայացնելն օգնում է ադրբեջանական ռեժիմին պահել իր իշխանությունը։  

Տիգրան Բալայանը կարեւորեց անցյալի եւ ներկայի միջեւ զուգահեռներ անցկացնելը։ Ըստ նրա՝ ներկա իրականության պատճառը 1994-ից ի վեր քննադատական մտածելակերպի պակասն է և չնկատելը, թե ինչպես են փոխվում իրողությունները։