Բլինքենը դեռ հավատում է, որ “խաղաղությունը” մոտ է

  • by Western Armenia, 22 Փետրվարի, 2024 in Քաղաքականություն
54 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համարում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը մոտ է, և երկու երկրների ղեկավարներին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ,նա կոչ է արել հարթել դեռևս առկա մի քանի խնդիրները։  Այս մասին հայտել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը մոտ է, և նա   քննարկել է դա  անմիջապես այդ երկու երկրների ղեկավարների հետ և խրախուսել է նրանց համագործակցել՝ կամրջելու մնացած ` ընդամենը մի քանի հարցերը։ Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին ` հասնել խաղաղության համաձայնագրի», – ասել է Միլլերը ` լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։  Նա նաև անդրադարձել է Երևանի և Բաքվի ղեկավարների հանդիպմանը` Մյունխենի համաժողովի շրջանակներում։

«Ես գիտեմ, որ երկու երկրների առաջնորդները հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը`  համաձայնության հասնելու համար», – նշել է Պետքարտուղարության խոսնակը։

Մյունխենի`  "Անվտանգության համաժողովի"  շրջանակներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցի միջնորդությամբ: Հանդիպումից հետո Փաշինյանն արձանագրել էր, որ կողմերը հավատարիմ են մնում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Առաջիկայում նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այնուհետև՝ "Սահմանազատման հարցերով հանձնաժողովների" հանդիպում։