Բողոքի ակցիաները չկասեցրեցին  «սահմանազատումը»։ Արցախի հարցը փակվում է կոնսենսուսով

  • by Western Armenia, 16 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
31 դիտում

Փաստորեն, բողոքի ակցիաները Արևելյան Հայաստանում չկասեցրեցին Տավուշի «սահմանազատումը»։ Երեկ, ինչպես և սպասվում էր, հենց սահմանին տեղի ունեցավ համատեղ հանձնաժողովի նիստ, և ,վերջապես, հայտնի դարձան այն քարտեզները, որոնց հիման վրա գծվում է «սահմանը»։

Խոսքը ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի՝ 1976 թվականի տեղագրական քարտեզի մասին է։ Արևելյան Հայաստանի վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ «սահմանային գծի վերարտադրումն այս հատվածներում ավարտված, համաձայնեցված, ստորագրված է, և այդ հատվածներում սահմանը համարվում է սահմանազատված»։

Սա, իսկապես, անհեթեթություն է միջազգային հարաբերություններում, բայց Հայաստանում՝ ամեն ինչ հնարավոր է. կամավորությունը որոշումների կայացման հարցում բացարձակ է։ 

Տավուշում «սահմանազատման» գործընթացը կասեցնելու բավական հաջող փորձ կատարած ցուցարարները հասել են Երևան, որտեղ ևս խոսում են անօրինական գործընթացը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ 

Բայց հիմնական շեշտը տեղափոխվեց Արևելյան Հայաստանում իշխանափոխության, իմփիչմենտի ակնհայտ ապարդյուն ընթացակարգի վրա, եւ արդար բողոքը ո՛չ միայն չկանգնեցրեց երկրի փլուզման աղետալի ընթացքը, այլև դրդեց իշխանությանը ավելի արագ գործել։

Կառավարությունը պնդում է, որ սահմանը վերարտադրվել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և «գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ և նույն սկզբունքներով ՝ սահմանի մյուս հատվածներում»։

Չի ասվում, թե ո՞ր հատվածների մասին է խոսքը, բայց ակնհայտորեն ո՛չ օկուպացված հայկական տարածքների մասին։ Հեշտությամբ կարելի է կռահել, որ հաջորդը լինելու է Տիգրանաշեն-Քյարքին, որը նույնպես «Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան» կհանձնվի։ 

Որովհետեւ իրականում ամեն ինչ արվում է ոչ թե կասկածելի քարտեզներով ու հռչակագրերով, այլ Հայաստանի բոլոր ռազմավարական կետերը Բաքվին հանձնելու հանցավոր դավադրության համաձայն։

Հայաստանի իշխանությանը «Ալմա-Աթայի հռչակագիրը» պետք է միայն մեկ նպատակով՝ ամբողջությամբ փակել Արցախի հարցը։ Եվ ,դատելով նրանից, որ բողոքի ակցիաները միայն արագացրեցին հանցավոր դավադրության իրականացումը, իսկ ԵԱՀԿ գործող նախագահին  Երևանում՝  Մինսկի խմբի մասին ուղղված պահանջներ չներկայացրեցին, Արցախի հարցը «կոնսենսուսով» կփակվի՝ Լավրովը, Շուլցը, Բլինքենը և Նեթանյահուն վկա։