«Գարդման-Շիրվան-Նախիջեւան»-ը միանում է Լեմկինի ինստիտուտի կոչին

  • by Western Armenia, 07 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
38 դիտում

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում եւ միանում է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտի կոչին։ Միությունը պահանջում է ոչ միայն դադարեցնել Բաքվին աջակցությունը ՄԱԿ-ի «կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի» անցկացման հարցում, այլև արձանագրել Բաքվի իրականացրած մյուս բոլոր հանցանքները՝ միջազգայնորեն և անհապաղ կերպով պատասխանատվության ենթարկելով դրանց համար։

Հայտարարությունում նշվում է՝ վերջին հարյուրամյակում Բաքվի վայրագությունները շարունակաբար մնացել են անպատիժ, ինչը հիմք է տվել նրանց կարծելու, թե հնարավոր է քայլել մարդու իրավունքների՝ քաղաքակրթական բարձրագույն արժեքների վրայով։

Համահայկական միությունն արձանագրում է՝ ինչպես կարող է ահաբեկչական երկիրն իր նմանատիպ նախագահի հետ մտահոգ լինել կլիմայական և բնապահպանական խնդիրներով, եթե վերջին տարիներին առնվազն երկու խոշորամասշտաբ պատերազմներ է հրահրել խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ՝ օգտագործելով այնպիսի զենքեր, որոնք ոչ միայն մարդկային կորուստների պատճառ են դարձել, այլև խստորեն վնասել են Արցախի(Լեռնային Ղարաբաղի) էկոմիջավայրը։

Ինչպես նաեւ մոտ 10 ամիս հումանիտար աղետ է հարուցել և փաստացի գերության մեջ պահել 120 հազար խաղաղ քաղաքացիական բնակչությանը, որը ամենաիսկական էթնիկ զտում է իրականացրել և այս պահին զբաղված է ինտենսիվ էթնոցիդով ճիշտ այնպես, ինչպես իրականացրել է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում։