«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը

  • by Western Armenia, 13 Մարտի, 2024 in Քաղաքականություն
25 դիտում

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Բաքվի՝ ՄԱԿ-ին անդամակցության 32-րդ տարելիցին՝ նշելով, որ թեև ՄԱԿ-ին անդամության ընդունելության չափանիշները պահանջում են, որ անդամ երկրները խստորեն հետևեն ՄԱԿ-ի կանոնադրությանն ու ՄԱԿ-ի կողմից ընդունված բոլոր կոնվենցիաներին ու որոշումներին, այնուհանդերձ, Բաքուն չի խորշել իր գործողություններում արմատապես խախտել դրանք։ 

Հայտարարության մեջ նաև նշված է. «Մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխի’  33-րդ հոդվածով սահմանվում է, որ վեճի մասնակից կողմերը, եթե դրա շարունակումը կարող է վտանգել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, պետք է ամենից առաջ ձգտեն լուծել այն բանակցությունների և այլ խաղաղ միջոցներով։ Վերջին տասնամյակների ընթացքում, հենց Բաքեուն  է, որ զարգացրել է ռազմատենչ և թշնամական հռետորաբանություն, որի գործնական արտահայտությունը եղել է ինչպես Արցախյան առաջին պատերազմի հրահրումը, այնպես էլ զինադադարից հետո սահմանային պարբերական սրացումները’ 2016 թ․ քառօրյա պատերազմը, 2020 թ․ 44-օրյա պատերազմը, 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի պատերազմը։

Երեք տասնամյակի ընթացքում  Բաքուն  սանձազերծել է երեք պատերազմ՝ հրաժարվելով խաղաղ բանակցային գործընթացից, մեծացնելով ռազմական բյուջեն և սպառազինման ծավալները՝ զարգացնելով ագրեսիվ ծավալապաշտական հռետորաբանություն և չթաքցնելով անգամ պատերազմի՝ քաղաքական առաքելություն համարելու համոզումները։ Բաքվի  նման վարքագիծը և անվերահսկելի արհամարհանքը միջազգային իրավունքի և այն կրող կառույցների ու մարմինների հանդեպ խորը անջրպետ են ստեղծում միջազգային իրավունքի իրացման հնարավորությունների և ընթացիկ իրողությունների միջև, ինչը, մի կողմից, թուլացնում է աշխարհացունց պատերազմների բովով ստեղծված միջազգային իրավական համակարգի հիմքերը, մյուս կողմից՝ ստեղծում թույլատրելիության նախադեպեր ապագայի համար՝ անկայության Դամոկլյան սուրը կախելով ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ՝ ողջ աշխարհի խաղաղության և կայունության վրա։

Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին աչալուրջ գտնվել իրենց սահմանած կանոնների կիրառականության նկատմամբ և գործարկել համապատասխան զտիչ մեխանիզմներ՝ տարբերակելու այժմեական օգուտն ու երկարաժամկետ արժեքները»։