ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը քննադատել է ՀՀ 8-րդ դասարանի «Ռեգիոնալ աշխարհագրություն» դասագրքում Արցախի և Նախիջևանի վերաբերյալ ներկայացված ձևակերպումները՝ դրանք դիտարկելով որպես նոր քաղաքական մտածողության արտահայտություն։
Հովասափյանի խոսքով՝ դասագրքում Ադրբեջանը ներկայացվում է որպես 1918 թվականին ստեղծված պետություն, իսկ Նախիջևանի վերաբերյալ նշվում է, որ այն «անարդարացիորեն» ընդգրկվել է Ադրբեջանի կազմում։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, Արցախի պատմական և քաղաքական համատեքստը ներկայացված է սահմանափակ ձևով․ շեշտվում է, որ 1923 թվականին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմում, իսկ 1991 թվականին բնակչությունը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը չի ճանաչվել Ադրբեջանի և միջազգային հանրության կողմից։
Հովասափյանը խնդրահարույց է համարում հատկապես այն, որ, իր գնահատմամբ, դասագրքում բավարար չափով ներկայացված չեն Արցախի ինքնորոշման շարժման պատմական նախադրյալները, հայկական բնակչության իրավունքների հարցը և հակամարտության երկարամյա համատեքստը։
Նա այս փոփոխությունները կապում է Արեւելյան Հայաստանի իշխանությունների քաղաքական ուղղության հետ՝ պնդելով, որ պատմական հիշողությունն աստիճանաբար զիջում է «ներկա իրողության» տրամաբանությանը։
«Գործ ունենք ոչ թե զուտ քաղաքական հայտարարությունների, այլ սերնդի աշխարհընկալումը փոխելու տոտալ գործընթացի հետ»,– եզրափակել է Հովասափյանը։
