«Գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ»․ ամերիկահայ իրավաբանի զգուշացումը

  • by Editbeglari, 21 Մայիսի, 2026 in Լուրեր
165 դիտում

Ամերիկահայ իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Գառնիկ Քերքոնյանը հայտարարում է, որ հայությունը ներկայումս գտնվում է շարունակվող ցեղասպանական գործընթացի մեջ։

Նրա խոսքով՝ 2023 թ. Արցախում տեղի ունեցած իրադարձությունները այդ գործընթացի վերջին փուլերից մեկն էին, իսկ տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Սյունիքին վերաբերող ծրագրերը, պետք է դիտարկվեն նույն համատեքստում։ Քերքոնյանը նշում է, որ խնդիրը չի սահմանափակվում առանձին դեպքերով, այլ ունի երկարաժամկետ և շարունակական բնույթ։

Իրավաբանը ընդգծում է, որ հայ հասարակությունը հաճախ առանձին իրադարձությունները չի դիտարկում որպես մեկ ամբողջական գործընթաց։ Նրա կարծիքով՝ հենց այս ընկալումն է թույլ տալիս, որ վտանգները ճիշտ չգնահատվեն միջազգային և ներքին հարթակներում։

Քերքոնյանը նաև անդրադառնում է պատմական զարգացումներին՝ ընդգծելով, որ 1915 թվականի հայերի  ցեղասպանության հիշատակի օրերին պետք է գիտակցել՝ բռնությունների և տեղահանությունների շղթան պատմական շարունակականություն ունի։ Նա հիշատակում է նաև Օսմանյան կայսրության վերջին տարիների իրադարձությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային քաղաքականության վրա։

Նրա գնահատմամբ՝ եթե այս գործընթացները չներկայացվեն որպես միասնական պատկեր միջազգային հարթակներում, ապա վտանգները կարող են շարունակվել։ Այս համատեքստում նա կարևորում է նաև Արցախ ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը՝ որպես առաջնահերթ օրակարգ։

Քերքոնյանի խոսքով՝ անհրաժեշտ է փոխել մոտեցումը և առանձին իրադարձությունների փոխարեն տեսնել ընդհանուր պատմական շղթան՝ հասկանալու համար ներկայիս իրավիճակի խորքային բնույթը։