«Եթե մենք ազգ ենք ու մեր ազգային ողբերգությունը պետք է մոռացության տանք, ուրեմն՝ սա մի նոր ողբերգություն է նշանակում». Աշոտ Մելքոնյան

  • by Western Armenia, 17 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
37 դիտում

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ անհնարին է գտնել ու ամբողջացնել Հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն անմեղ զոհերի անունները, ինչպես Արևելյան Հայաստանի իշխանությունն է ասում։

«Առհասարակ հնարավոր չէ, քանի որ ցեղասպանությունից հետո 4-5-րդ սերունդն է հիմա ապրում, գտնել, թվաքանակ պարզել, ուղղակի անհնարին է։ Ժամանակին դա հնարավոր էր՝ Հայերի դեմ իրականացված  ցեղասպանությունից անմիջապես հետո, ինչը, օրինակ, արել են Յոհաննես Լեփսիուսը կամ այլք։ Այդ ժամանակ որոշվել է, որ 1915 թվականին խոսքը վերաբերում էր 1 միլիոն 350 հազար նահատակների, իսկ 1916 թվականին ընդհանուր թիվը՝ Դեր Զորում, Ռաքայում և այլ վայրերում, անցել է 1,5 միլիոնից։ Օրինակ, մարդիկ ինչպես են պատկերացնում՝ պարզել Վանի վիլայեթի կամ Կարինի վիլայեթի հարյուրավոր գյուղերի բնակիչների անունները, երբ գյուղեր կան, որոնք իսպառ վերացել են, և  որևէ մեկը ողջ չի մնացել, որպեսզի կարողանալ վիճակագրություն կազմել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը՝ խոսելով Արևելյան Հայաստանի իշխանությունների հայտարարությունների մասին, թե պետք է անուն առ անուն ամբողջացնեն Հայերի դեմ իրականացված ցեղասպանության բոլոր զոհերի անունները։ Աշոտ Մելքոնյանի փոխանցմամբ՝ նույնիսկ դժվարացել են պարզել 1915 թվականի ապրիլի 24-25-ի ձերբակալված մտավորականների թվաքանակը։

«Հիշողություններով, մեկի, մյուսի պատմելով՝ շրջանառության մեջ էինք դրել 600 մտավորականի տվյալներ, որը դարձել էր դասակարգային ճշմարտություն։ Բայց թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն թիվ հրապարակեց՝ հղում տալով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, որ այդ գիշեր ձերբակալվել է ոչ թե՝ 600, այլ՝ 2345 հայ մտավորական և ազգային գործիչ։ Ինչո՞ւ, ցույց տալու համար, որ այդքան մարդ նախապատրաստում էին հայերի ապստամբություն  Օսմանյան կայսրության դեմ, դրա համար նրանք ճարահատյալ իբր դիմեցին ձերբակալության։ Ուրեմն՝ եթե հնարավոր չի եղել ճշտել մտավորականների թիվը հիշողություններով, թիվը կարող են ճշտել թուրքական արխիվների հիման վրա, ինչը, բնականաբար, մեզ մատչելի չէ։ Մարդիկ ինչպես են մտածում 1,5 միլիոն մարդու անուն գտնել ու տեղավորել ցուցակում՝ հականե-հանվանե։ Կարծում եմ՝ սա անհնարին բան է, գուցե թելադրված է նաև դրսից»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։

Պատմաբանը չբացառեց, որ այս ճանապարհով փորձում են միս ու արյուն տալ այն պատմաբանների հանձնաժողովին, որը բազմիցս առաջարկվել է Թուրքիայի կողմից, ըստ որի՝ պետք է Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հարցով զբաղվի պատմաբանների խումբը, ինչը Արևելյան և Արևմտյան Հայաստանների կողմից  մշտապես մերժել է։

 Հավելենք, որ  1,5 միլիոնը նույնպես միֆ է, քանի որ զոհերի թիվը անցել է 2 միլիոնը։Եթե մենք ազգ ենք ու մեր ազգային ողբերգությունը պետք է մոռացության տանք, ուրեմն՝ սա մի նոր ողբերգություն է նշանակում, որը, կարծում եմ՝ հայ ժողովուրդը թույլ չի տա։ Սա ամենազգայուն խնդիրն է, թող մարդիկ չհամարձակվեն մեր ազգային ողբերգության վրա ևս ձեռք բարձրացնել, սա անհնարին բան է։