Մի խումբ քաղաքացիներ և հասարակական գործիչներ բողոքի ցույցեր են անցկացրել Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանատների դիմաց՝ պահանջելով COP17-ի քննարկումներում և դիվանագիտական խորհրդակցություններում բարձրացնել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքների հարցը։
Արցախի հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը ներկայացրել է ցուցարարների պահանջները՝ ընդգծելով Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև արցախահայության՝ անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը։
Ցուցարարները միջազգային հանրությունից ակնկալում են նաև քայլեր՝ ուղղված տեղահանված հայերի անվտանգության, սեփականության իրավունքների և համայնքային կյանքի պաշտպանության ապահովմանը։ Նրանք նախատեսում են հանդիպումներ ունենալ դեսպանատների ներկայացուցիչների հետ՝ միջազգային հարթակներում Արցախի բնիկ հայ ժողովրդի իրավունքների հարցը բարձրացնելու նպատակով։
Ալվարդ Զաքարյանի խոսքով՝ բնիկ ժողովուրդների իրավունքներին նվիրված քննարկումներում անտեսվում է շուրջ 150 հազար արցախահայերի ճակատագիրը, որոնք բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից։ Նրա գնահատմամբ՝ արցախահայության վերադարձի իրավունքը պետք է դառնա COP17-ի քննարկումների անբաժանելի մասը։
