Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Բաքվի ներկայացուցչին

  • by Western Armenia, 25 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
26 դիտում

ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Արցախը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Բաքվի ներկայացուցչին։

Արդարադատության միջազգային դատարանը  քննեց Բաքվի հայցն ընդդեմ Երևանի։ Արևելյան Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է Արևելյան Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի իբր բռնազավթումը հերքելու վերաբերյալ իր հայտարարությանն Բաքվի հնչեցրած քննադատությանը։

 «Բաքվի ներկայացուցիչը պնդեց, թե Արևելյան Հայաստանը հերքում է իր կողմից ներխուժումը և օկուպացման վերաբերյալ միջազգային հանրության ճնշող արձագանքը, որով վերջինս մերժում է ինքնորոշման մասին Հայաստանի կողմից սեփական շահերը սպասարկելու համար մոգոնած պատրանքը։ Բաքուն մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը, որի համաձայն՝ Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի առաջին մասով ունեցել է իրավազորություն Արցախի նկատմամբ։ Բաքուն, սակայն, անուշադրության է մատնում այն փաստը, որ դատարանի կողմից իրավազորության որոշումը դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն՝ չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին»,- ասաց միջազգային իրավական հարցերով Արևելյան Հայաստանի  ներկայացուցիը։ Կիրակոսյանը հստակեցրեց, որ Եվրոպական դատարանը երբևէ չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Արցախը, և նույնը կարելի է ասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, որոնք վերաբերում են Արցախի հակամարտությանը և որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի ու փաստաբանների կողմից։ «Անվտանգության խորհուրդը Հայաստանին կոչ է արել շարունակել և գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու Արցախի հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպանտ պետություն է, առավել ևս՝ ագրեսոր, այլ փոխարենն անդրադարձել է տեղի հայկական ուժերին՝ կոչ անելով հակամարտող կողմերին անմիջապես վերսկսել բանակցությունները հանուն հակամարտության լուծման Մինսկի խմբի խաղաղության գործընթացի շրջանակում։ Հենց այդպես էլ վարվել են Հայաստանի ու Արցախի իշխանությունները։ Բաքուն, ի հակառակ, ինչպես ասել է նախագահ Ալիևը, միակողմանիորեն որոշել է, որ պատերազմն անխուսափելի է և Մինսկի խումբը մահացած է։ Նախագահ Ալիևի խոսքով՝ հենց Բաքուն է սկսել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչը Բաքվի  ներկայացուցիչը երեկ չփորձեց հերքել»,- պարզաբանեց Կիրակոսյանը։