ԵՄ-ն Բաքվին կոչ է անում ապահովել արցախցիների իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալը

  • by Western Armenia, 22 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
28 դիտում

ԵՄ-ն շարունակում է Բաքվին կոչ անել ապահովել արցախցիների իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը: Այս մասին ասել է Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին։ 

Ինչ վերաբերում է Արցախից ձերբակալվածների վիճակին, ԵՄ-ն Բաքվին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն: 

ԵՄ-ն համոզված է՝ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Բաքվում պահվող հայերի ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության ամրապնդման համար»,-նշել է Բորելը։

Նաեւ հիշեցրել, որ այդ կապակցությամբ ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Երեւանի և Բաքվի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման միջոցների, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, և շարունակում է կոչ անել հետագա քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։