ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը նախազգուշացում է ստացել Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին սպառնալիքների համար

  • by Western Armenia, 12 Հուլիսի, 2023 in Քաղաքականություն
69 դիտում

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գրասենյակները դատապարտել և անընդունելի են որակել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիքովի պահվածքը, ով սպառնալիքներ է հնչեցրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին, որոնք այցելել էին Հայաստան և տեղում ծանոթացել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Վագիֆ Սադիքովը «Թվիթեր»-ում ԵԽ պատգամավորների հասցեին արված սպառնալից գրառման համար կանչվել է Արտաքին կապերի եվրոպական ծառայություն։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ Սադիքովը գրառում էր արել «Թվիթեր»-ում՝ սպառնալիքներ հնչեցնելով ԵԽ պատգամավորների հասցեին։ Թեմային անդրադարձել էր OC Media լրատվական հարթակը՝ մեջբերելով ԵՄ խոսնակի և Հայաստան այցելած պատվիրակության ղեկավար, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոյի արձագանքները Սադիքովի գրառմանը։ Եվրոպական Միության խոսնակն ընդգծել էր, որ դատապարտում են նման պահվածքը, որը հարիր չէ ԵՄ-ում հավատարմագրված դեսպանին։  Ադրբեջանի դեսպանի սպառնալից գրառմանն անդրադարձել է նաև Euobserver-ը, որը զրուցել է Նատալի Լուազոյի հետ: Լուազոն հայտնել է, որ Սադիքովի գրառման վերաբերյալ նամակներ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին և ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։

ժոզեպ Բորելի գրասենյակից նշել են, որ Արտաքին կապերի Եվրոպական ծառայությունն այդ գրառման հետ կապված կանչել է Ադրբեջանի դեսպանին և նրան հստակ ասել, որ ակնկալում են, որ դա վերջին անգամը կլինի, երբ ադրբեջանական դիվանագիտության կողմից նման անհարգալից վերաբերմունք կդրսևորվի ԵՄ-ի ինստիտուտների և դրանց ներկայացուցիչների նկատմամբ։  Նատալի Լուազոն հավելել է, որ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի սպառնալից ու վիրավորական գրառումը միակը չէ Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին՝ հստակեցնելով, որ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ էլ նրանց կոռումպացված են անվանել։ Լուազոն ընդսգծել է, որ անձամբ Ադրբեջանի նախագահն էլ նման հռետորաբանություն է օգտագործում։