Ես չեմ հասկանում Մոսկվայի ու Բաքվի մտահոգությունները՝ կապված Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման հետ․Օլիվիե Դըկոտինյի

  • by Western Armenia, 04 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
63 դիտում

ԱրևելյանՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Բաքվից և Մոսկվայից հնչող կարծիքներին, թե Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը սպառնալիքներ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դեսպանն ասել է, թե չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է հումանիտար ճգնաժամի դիմակայող և տարածքային սպառնալիքների առջև կանգնած երկրին օգնելը վնասել տարածաշրջանի անվտանգությանը։ «Չեմ հասկանում, թե ինչպե՞ս մի երկրի օգնելը, որը դիմակայում է հումանիտար ճգնաժամի, որը կանգնած է տարածքային սպառնալիքների առջև, կարող է վնասել տարածաշրջանի անվտանգությանը։ Ինձ համար այս մտահոգություններն անհասկանալի են»,- ասել է Դըկոտինյին։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Մոսկվայից հայտարարում են, որ առաջիկա եռակողմ հանդիպումը Ռուսաստանի դեմ քայլ է՝ դեսպանն ասել է․ «Ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնելը Ռուսաստանի դեմ լինել։ Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը»։

Խոսելով Մոսկվայի պաշտոնական շրջանակներից հնչող մեղադրանքների մասին, թե Արցախում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Արևմուտքը, քանի որ վերջինս Հայաստանին ստիպել է հրաժարվել Արցախից և ոչինչ չի արել  Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունն ապահովելու առումով՝ դեսպանն ասել է․ «Այն, ինչ տեղի է ունեցել, հետևյալն է՝ երբ հրադադարի պայմանագիրը խախտվել է Բաքվի կողմից, հրադադարի երաշխավոր ռուսները երաշխավորի իրենց դերը չեն խաղացել։ Շատ պարզ է՝ Արցախում գտնվող ուժերը, որոնք պետք է երաշխավորեին այդ հրադադարը, ռուսական ուժերն էին։ Ինչ վերաբերվում է փախստականներին, որոնք լքեցին Արցախը, նրանք դա արեցին 9 ամիս տևած շրջափակումից և դաժան ռազմական հարձակումից հետո։ Եվրոպացիները չեն կազմակերպել այս շրջափակումը, եվրոպացիները չեն կազմակերպել այս դաժան հարձակումը»։