Երեւանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը

  • by Western Armenia, 21 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
102 դիտում

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ իր 6-րդ առաջարկը։

«Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը», - ասված է Արևելյան Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

Խոսքն ինչ առաջարկների մասին է, Երևանը չի մանրամասնում։

Հիշեցնենք,որ Բաքուն օրերս դժգոհել էր, թե Արևելյան  Հայաստանին ներկայացրել են «խաղաղության համաձայնագրի հինգերորդ տարբերակը, սակայն արդեն երկու ամիս է Երևանը չի արձագանքում»։

Բաքվի ղեկավարի  օգնական Հիքմեթ Հաջիևը ասել էր, որ Բաքուն դեռ սեպտեմբերի 11-ին է փոխանցել այն՝ բացատրական գրություններով՝ ակնկալելով պատասխան մոտ ժամանակներում։ «Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խոչընդոտներ չկան խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո: Իսկ թե որքանով է պատրաստ Հայաստանը, այժմ էլ լուրջ հարցեր են առաջանում», - ասել է Հաջիևը՝ ընդգծելով, որ «գնդակն այժմ Երևանի դաշտում է»: Արևելյան Հայաստանի Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր՝ Բաքուն նոր առաջարկներ է փոխանցել: «Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե առերես բանակցություններ այս ընթացքում հունիսից հետո չեն եղել։ Դժբախտաբար, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից», - ասել էր Միրզոյանը: