«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում ցուցահանդես-մրցույթի տաղավարից հեռացվել է Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը պատկերող աշակերտական աշխատանքը՝ այն գնահատելով որպես «հակապետական քայլ»։
ՀԿ-ն նշում է, որ դեպքը դիտարկում է որպես Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ առկա մտահոգիչ միտումների դրսևորում։ Հայտարարության հեղինակները պնդում են, որ Հայաստանի կողմից միջազգային կառույցներում բավարար քայլեր չեն ձեռնարկվում Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ, իսկ առանձին հաստատություններում արձանագրվող նման դեպքերը նպաստում են արցախյան խորհրդանիշների աստիճանական դուրսմղմանը հանրային տարածքից։
Միաժամանակ, կազմակերպությունը հիշեցնում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հայտնել է՝ որևէ գրավոր կամ բանավոր հանձնարարական չի տրվել մշակութային ստեղծագործություններից «Արցախ» անվանումը հանելու կամ Արցախի խորհրդանիշների ցուցադրությունն արգելելու վերաբերյալ։
ՀԿ-ի գնահատմամբ՝ մշակութային ինքնության և ոչ նյութական ժառանգության պահպանումը միջազգային իրավունքով պաշտպանված հիմնարար իրավունք է և պահանջում է հետևողական պետական քաղաքականություն։ Կազմակերպությունը միջազգային և տեղական իրավապաշտպան կառույցներին, մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպություններին և պետական պատասխանատու մարմիններին կոչ է արել ուշադրություն դարձնել ներկայացված փաստերին և բարձրացված մտահոգություններին։
