44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել Ազգային ժողովի շենքի մոտ՝ պահանջելով հանրայնացնել 2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ նախորդ Ազգային ժողովը զեկույցը չի հրապարակել, իսկ այն ուղարկվել է ԱԺ հատուկ բաժին, որտեղ պատգամավորներին հնարավորություն էր տրվել ծանոթանալու փաստաթղթին։ Զեկույցի գաղտնիության նշման պատճառով պատգամավորները չեն կարող հրապարակել դրա բովանդակությունը։
«Լույսի ճրագ» ՀԿ-ն, «Հայ ազգային ճակատը» և «Վերածնվող Արցախ» ՀԿ-ն նոր գումարման Ազգային ժողովին հանրագիր են ներկայացրել՝ պահանջելով վերանայել նախկին որոշումը, վերացնել զեկույցի գաղտնիությունը և այն ներկայացնել հանրությանը։
Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ իրենց համար էական չէ, թե ով է պատասխանատու զեկույցի չհրապարակման համար։ «Մեզ համար կարևորը զեկույցի հրապարակումն է»,– նշել է նա՝ ընդգծելով, որ զեկույցը չհրապարակելու իրավական հիմքեր, իրենց համոզմամբ, չկան։
Ծնողները հայտարարել են, որ պայքարը շարունակելու են նաև արտախորհրդարանական ճանապարհով՝ հրապարակային ակցիաներով և այլ նախաձեռնություններով։ Նրանք ակնկալում են, որ նոր Ազգային ժողովի պատգամավորները ևս կանդրադառնան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության և զեկույցի հրապարակման հարցին։
