Թուրքիայի հիմնական խնդիրը «ծպտյալ հայերն» են

  • by Western Armenia, 10 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
57 դիտում

«Ծպտյալ հայերը» թուրքական պետության հիմնական խնդիրն են: Այս մասին գրում է թուրքական Yeni Çağ («Յենի Չաղ») պարբերականը` անդրադառնալով օկուպացված Արևմտյան Հայաստանում, այսպես կոչված, ծպտյալ հայերի կրոնադարձության և ինքնության բացահայտման դեպքերին: 

«Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագի արարողություններից  հետո տարածաշրջանում բնակվող «ծպտյալ հայերը» սկսել են բացահայտել իրենց ինքնությունը և անձը հաստատող փաստաթղթերում ներկայանալ որպես քրիստոնյա: Նրանցից շատերը  մինչ օրս հայտարարում էին, թե իրենք «մուսուլման քրդեր» են»,- գրում է ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական պարբերականը` ընդգծելով, որ այդ մարդկանց թվին են պատկանում Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ազգականները:«Իրենց ինքնության մասին հրապարակավ հայտարարողների թվում են նաև Արամ Աթեշյանի ավագ քրոջ թոռները` 33-ամյա Մեսուրե Քափլանը և 28-ամյա Ջիհան Բեսքիսիզը: Մեսուրե Քափլանը Hurriyet-ին տված հարցազրույցում հայտարարել էր. «Մենք որպես մուսուլմաններ էինք հանդես գալիս մեր մուսուլման հարևանների և գործընկերների շրջանում: Նույնիսկ կարող եմ ասել, որ մենք մեր մուսուլման հարևաններից ավելի մուսուլման էինք: Սակայն ընտանիքում և նրանց շրջանում, ովքեր մեզ պես էին, միշտ փորձել ենք պահպանել մեր հայկական ինքնությունը»: Նշանակում է` պետք է ուշադիր լինել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մուսուլմանների մոտ ձևացնում են, թե իրենք մուսուլման են»,- եզրակացնում է Yeni Çağ-ը: Նշելով, որ Օկուպացված Արևմտյան Հայաստանում Հայկական հարցի վերաբերյալ ամենաշատ վաճառվող գրքերի ցանկում առաջին հորիզոնականն է զբաղեցնում «Ծպտյալ հայեր» վերնագրով գիրքը։Նման օրինակներով թուրքական պարբերականը փորձում է բացատրել թուրք հանրությանը, թե ինչ վտանգներ կարող են բերել Թուրքիայում իրենց ինքնությունը թաքցնող անձինք, իսկ տվյալ դեպքում` «ծպտյալ հայերը»:

«Ցանկանում ենք ասել, որ նրանք, ովքեր ստիպված են թաքցնել իրենց ինքնությունը, ինչպիսի պաշտոն էլ զբաղեցնեն, իրենց մեջ ծպտյալ մի ապստամբություն ունեն հանրության նկատմամբ: Ինքնությունը թաքցնելը հանգեցնում է հոգեխեղման։ Օտարերկրյա գաղտնի ծառայությունները նրանցից ոմանց բացահայտում և հավաքագրում են դեռ մանուկ հասակում և ջանալով նրանց պետության ներսում նշանակել կարևոր պաշտոնների` փորձում են ստանալ այն, ինչ ցանկանում են: Դա հետախուզական լեզվով կոչվում է «կոկոն»»,- գրում է Yeni Çağ-ը` եզրափակելով.

«Թուրքիայում առկա է «ծպտյալ հայերի» խնդիր: Հրանտ Դինքն իր հայաստանյան այցելության ժամանակ այնտեղի իր գործընկերներին տվել էր հետևյալ հարցը. «Դուք խոսում եք 1.5 միլիոնի մասին: Սակայն նույն այդ ժամանակաշրջանում մոտ 500 հազար հայեր կրոնափոխ լինելով թուրք են դարձել: Ինչո՞ւ դրան ուշադրություն չեք դարձնում»: