Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը» կասեցրել է Պոլիսից հեռաձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի վավերականությունը: Այս մասին հայտնում է «Ermenihaber»-ը։.
Նշվում է՝ նման որոշումը կայացվել է նախկինում կայացված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:
Նշենք, որ նախկինում ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր եթեր հրավիրված հյուրի կողմից օգտագործված «Հայոց, այսինքն օսմանյան հողերում իրականացված տեղահանություն, կոտորած և ցեղասպանություն անունը ստացած կոտորածների 109-րդ տարելիցը ևս 1 տարի գլորեց…» արտահայտության համար:
Ռադիոկայանն իր տարածած հայտարարությունում հակադարձել է կայացված որոշման իրավացիությանը:
«Հեռարձակման կասեցման հետ միասին ստացված գումարային տուգանքի համար տարաժամկետ վճարման դիմում է ներկայացվել այնպես, ինչպես եղել է որոշման մեջ, և դա ընդունելով՝ առաջին մասնակի վճարումն իրականացվել է»,- նշել են ռադիոկայանից՝ հավելելով, որ ակնհայտ է՝ իրենք օրենքի դեմ պայքարելու և դատական ճանապարհից դուրս այս որոշմանը դեմ գնալու միտումներ չեն ունեցել և փորձել են բարեխիղճ գործընթաց շարունակել:
Նշում են, որ կայացված որոշման հետ կապված իրավական միջոցառումներն անպայմանորեն իրականացնելու են:
«Սրան զուգահեռ Açık Radyo-ն, որ 30 տարի շարունակում է իր հեռարձակումը, այսուհետ ևս նույն յուրահատուկ լրագրողական սկզբունքների և նույն պատասխանատվության համապատասխան շարունակելու է հեռարձակվել»,-ասվել է հայտարարության մեջ:
