Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար դատապարտված լրագրողներն արդարացվել են

  • by Editbeglari, 03 Հուլիսի, 2024 in Լուրեր
265 դիտում

Թուրքիայում արդարացվել են ընդդիմադիր «bianet» լրատվականի կայքում հրապարակված «Հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին համաշխարհային մամուլի գլխագրերը» խորագրով գրքի ծանոթագրության համահեղինակները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Լրագրողները մինչև ձերբակալությունը թեմայի շուրջ լուրեր էին հրապարակում և աշխատում «bianet»-ում: Այդ լուրերի պատճառով էլ նրանց նկատմամբ «Թուրք ազգի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու» մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել:

Լրագրողները 2015-ին, 2018-ին և 2019-ին հրապարակված ընդհանուր առմամբ  6 լուրում օգտագործված բառապաշարի համար էին մեղադրվել:

Նշվում է, որ հուլիսի 2-ին տեղի ունեցած լսումներում, որտեղ և արդարացվել են լրագրողները, նրանցից մեկն ասել է, որ ինքը դատարանում է պարզապես մի գրքի ծանոթագրություն գրելու համար: 

«Մենք այստեղ պաշտպանություն կազմակերպեցինք, մտածելով, թե դատախազը կարող է վիրավորվել Հայերի դեմ իրականացված ցեղասպանություն արտահայտությունից, սակայն գուցե դատավորը ևս շաղկապների հետ կապված խնդիր ունի:

Գուցե նաև մեղք է համարվել իմ «և» շաղկապի օգտագործումը: Իմանալ չենք կարողանում: Բայց որպես արդյունք՝ ոչ շաղկապ օգտագործելս է մեղք, ոչ թարգմանություն անելս, ոչ էլ Հայերի դեմ իրականացված ցեղասպանություն ասելս»,-եզրափակել է նա: