Ի՞նչ Եվրոպայի է պատրաստվում Հայաստանը

  • by Western Armenia, 29 Փետրվարի, 2024 in Քաղաքականություն
86 դիտում

Լրագրող Հակոբ Բադալյանը գրում է․

Հայաստանի խորհրդարանի կառավարող մեծամասնության պատգամավորները «ավետում» են, որ Եվրախորհրդարանը նոր բանաձեւեր է ընդունել Ադրբեջանի դեմ՝ կոչ անելով Եվրամիությանը կիրառել պատժամիջոցներ եւ դադարեցնել էներգետիկ գործակցությունը, որի վերաբերյալ համաձայնագիրը ԵՄ-ն Բաքվի հետ կնքեց 2022թ.-ի հուլիսին: Ընդ որում, այդ «ավետիսը» մատուցվում է այնպես, կարծես Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն է հասել այդ բանաձևերի ընդունմանը, այն դեպքում, երբ Հայաստանի խորհրդարանը, թերևս, գերազանցապես հետևել է քննարկման հեռարձակմանը:

Եվրախորհրդարանի բանաձևերը հերթականն են անցնող երկու-երեք տարիների ընթացքում, բայց դրանք կարծես թե սկզբունքորեն չեն փոխում որևէ իրավիճակ: Իսկ պատճառը գուցե այն է, որ դրանք ունեն խորհրդատվական բնույթ, ինչպես օրինակ, Ֆրանսիայի ԱԺ պալատներում ընդունված բանաձևերը: Դրանք բավականին ուժեղ են իրենց բովանդակությամբ, տպավորիչ են՝ Հայաստանի համար՝ օգտակար բովանդակությամբ, բայց դրանք ենթակա չեն գործադիր կառույցների պարտադիր կատարմանը: Ուրեմն, ինչու՞ Եվրախորհրդարանը չի անցնում ենթակա բանաձևերի պարտադիր կատարմանը,երբ Եվրամիության գործադիր կառույցի՝ Եվրահանձնաժողովի ղեկավարությունը չի կարող չենթարկվել ընդունված բանաձևերին:

Սակայն, այդօրինակ բանաձևեր չկան։  Թեև Եվրախորհրդարանն է ձևավորում Եվրահանձնաժողով, ու Եվրահանձնաժողովը աշխատում է Եվրախորհրդարանի ընդունած ուղենիշներով և կանոններով: Ընթացիկ տարում, առավել ևս,  իրատեսական չէ ակնկալել Եվրամիության քաղաքականության սկզբունքային փոփոխություն, որովհետեւ տարին ԵՄ֊ի համար ընտրական է։ Հունիսին տեղի են ունենալու Եվրախորհրդարանի նոր ընտրություններ, հետո ըստ այդմ՝ ձևավորվելու են եվրոպական կառավարման նոր կազմեր, նոր Եվրահանձնաժողով, Եվրոպական Խորհրդի նոր ղեկավարություն:

Դա, ըստ էության, նշանակելու է փաստացի «անցումային» տարի, որի ընթացքում Եվրամիության առնչությամբ Հայաստանի գլխավոր անելիքը,թերեւս, պետք է լինի եվրոպական ընտրությունների առնչությամբ տարբեր սցենարներ դիտարկելն ու դրանց պատրաստվելը՝ հասկանալու համար, թե ինչպիսի՞ Եվրոպայի հետ պետք է գործ ունենալ տարեվերջին: Դրանո՛վ պետք է զբաղված լիներ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը, այլ ոչ թե՝ Եվրախորհրդարանի բանաձևերի վերաբերյալ տեղեկությունների «վերահեռարձակմամբ»: Այդ առնչությամբ մամուլն անում է իր գործը: Խորհրդարանականների գործը բոլորովին այլ է: