«Ինչո՞ւ Արցախում հայեր չկան». հրապարակվել է փաստահավաք զեկույցի ամփոփագիրը

  • by Western Armenia, 02 Հուլիսի, 2024 in Քաղաքականություն
36 դիտում

Հրապարակվել է «Ինչո՞ւ Արցախում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը: Զեկույցը փաստում է, թե ինչպես է Արցախի բնակչությունն Բաքվի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակումների, շրջափակման և ահաբեկման, ինչի հետևանքով արցախցիների հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են` զրկելով վերջինիս տարրական կենսապայմաններից: 

Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից: 

Վկաների հետ երեք հարյուր երեսունից ավել հարցազրույցների ընթացքում արձանագրվել են Բաքվի իշխանությունների կողմից մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ։ Փաստահավաք առաքելությունը պարզել է՝ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ Բաքվի իշխանությունների գործողությունները հանդիսանում են հանցագործություններ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածի (մարդկության դեմ հանցագործություններ) և 8-րդ հոդվածի (պատերազմական հանցագործություններ), և համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։ Զեկույցի ամփոփագրի շնորհանդես-քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին։ Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի կլինի 2024 թ․ սեպտեմբերին: