Իսկական զավեշտ է, երբ բռնապետական ճանաչված պետության նախագահը մեղադրանքներ է հնչեցնում մեր երկրի հասցեին 

  • by Western Armenia, 04 Հուլիսի, 2024 in Քաղաքականություն
42 դիտում

Բաքվի նախագահն Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քևին Հեմիլթոնի հավատարմագրերն ընդունելիս մի շարք անիմաստ և անհիմն հայտարարություններ է արել՝ վերստին հաստատելով Արեւելյան Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջները և մեր երկրի ներքին գործերին միջամտելու անշեղ ուղեգիծը։ Այս մասին ահազանգում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը։

Նշում են՝ իսկական զավեշտ է, երբ միջազգային իրավապաշտպան կառույցների և կազմակերպությունների գնահատմամբ բռնապետական ճանաչված երկրի նախագահը մեղադրանքներ է հնչեցնում մեր երկրի հասցեին այն պարագայում, երբ հենց ինքն է վերջին տարիներին առնվազն երկու խոշորամասշտաբ պատերազմ սկսել Արեւելյան Հայաստանի և Արցախի դեմ՝ իրենց բոլոր հնարավոր հետևանքներով, որոնք կարելի է աներկբայորեն բնորոշել որպես մարդկության դեմ գործված հանցագործություններ։ 

Միջազգային իրավունքի մասին խոսելիս արդյո՞ք Իլհամ Ալիևը չի մտաբերում Արցախի 120 հազար հայությանը, երբ անմեղ քաղաքացիական բնակչությանը էթնիկ և ռասայական խտրականության հիմքի վրա հասցրեց հումանիտար աղետի։ Արդյո՞ք միջազգային իրավունքի արմատական ոտնահարում չի ռազմական, քաղաքական, քարոզչական, հումանիտար այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կարելի է մեկտեղել էթնիկ զտում արտահայտությամբ և բնորոշել որպես ցեղասպանականություն։

«Արդյո՞ք Բաքվի նախագահը չի վերհիշում 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և հայկական ու հայաբնակ այլ բազմաթիվ բնակավայրերում հայության նկատմամբ իրականացված ջարդերն ու կոտորածները, թալանն ու բռնի տեղահանումը, որի հետևանքով ամբողջ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքը զրկվեց հայկական ներկայությունից։ Մի՞թե Իլհամ Ալիևը չի մտաբերում, թե ինչպես է հղացել, օրինակ, Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման գաղափարը, կամ թե ինչպես ստացվեց, որ այսօր մարդու իրավունքների մասին խոսող նախագահը տարիներ առաջ հերոսացրեց հայ սպային կացնահարած իր հայրենակցին»,- նշվում է հայտարարության մեջ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Բաքվի նախագահի հայտարարությունները։