Լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը. Վենետիկի հանձնաժողովը՝ Բերձորի ճանապարհի արգելափակման մասին

  • by Western Armenia, 28 Հունվարի, 2023 in Քաղաքականություն
91 դիտում

Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա Մենղինին արձագանքել է ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից՝ հունվարի 14-ին ուղարկված գրությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Արցախը Հայաս­տանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ՝ Բերձորի ճանապարհի արգելափակմանը:

Գրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Թանկագին պարոն Ազարյան․

Շնորհակալություն նամակի համար, որով հայցել եք Վենետիկի հանձնաժողովի օժանդակությունն ու գործողությունները՝ Բերձորի միջանցքի շուրջ ծագած մարդասիրական իրավիճակով պայմանավորված: Վստահեցնում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, որպես իրավապաշտպան կազմակերպություն, ուշադրությամբ հետևում է իրավիճակին: Մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը Բերձորի ճանապարհի շուրջ առաջացած մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտնել էր իր  մտահոգությունը՝ ընդգծելով,  որ լարված իրավիճակի սրացումից խուսափելու ելքը երկխոսությունն է:

Բերձորի ճանապարհին տեղի ունեցող իրավիճակին արձագանքելը, չնայած որ Վենետիկի հանձնաժողովի մանդատից դուրս է, բայց մենք լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը և Ձեր նամակը կուղարկենք Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմիններին: Հիշյալ հարցի հետագա ընթացքի հետ կապված ևս հայտնում եմ իմ պատրաստակամությունը: Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար՝ Սիմոնա Գրանատա Մենղինի»: 

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա Մենղինի ջանքերը խնդրի հաղորդակցութեան կապակցությամբ։