Խաղաղությունը և Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է հակադրվեն երբևէ․ Մետաքսե Հակոբյանի առաջարկները

  • by Editbeglari, 28 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
147 դիտում

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» քննարկման ժամանակ անդրադարձել է արցախահայության առջև ծառացած խնդիրներին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձը չի կարող դիտարկվել որպես երկրորդական հումանիտար հարց և պետք է մնա Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Հակոբյանը նաև նշել է 2023 թվականի ռազմական գործողությունների և Ստեփանակերտի պայթյունի հետևանքով զոհերի ու վիրավորների, բռնի տեղահանված ավելի քան 115 հազար անձանց և բնակարանային ու տնտեսական խնդիրների մասին։

Հակոբյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը չպետք է նշանակի Արցախի ժողովրդի իրավունքների քաղաքական օրակարգի ավարտ։ Նա առանձնացրել է հինգ հիմնական ուղղություն՝ Արցախի ժողովրդի քաղաքական ներկայացվածության պահպանում, վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի շարունակություն, սեփականության և այլ իրավունքների պաշտպանություն, Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հետևողական պահանջ և Հայաստանում արցախահայության արժանապատիվ ու կայուն կյանքի ապահովում։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է անցում կատարել օգնության քաղաքականությունից դեպի իրավունքների քաղաքականություն՝ արցախահայությանը դիտարկելով ոչ միայն որպես սոցիալական աջակցության շահառու, այլև որպես իր իրավունքներով և քաղաքական ձայնով ժողովուրդ։