Խորհրդավոր սպանություն․ պոլսահայ համայնքը՝ նոր ողբերգության առջև

  • by Editbeglari, 17 Օգոստոսի, 2026 in Լուրեր
143 դիտում

Պոլսահայ համայնքը ցնցվել է 64-ամյա Հակոբ Տեղիրմենճիօղլուի սպանության լուրից։ Ըստ հաղորդումների՝ նա սպանվել է իր բնակարանում՝ հարևանի կողմից։ Ոստիկանությանը ահազանգել է հենց ենթադրյալ հանցագործը՝ հայտնելով, որ հարևան սենյակից տհաճ հոտ է գալիս։ Ոստիկանները ներս մտնելով՝ հայտնաբերել են Հակոբ Տեղիրմենճիօղլուի անշունչ մարմինը։ Նախնական քննությամբ մահվան պատճառը դանակահարությունն է։

Տեղիրմենճիօղլուն ծանոթ էր պոլսահայ համայնքում։ Նա նախկինում աշխատել էր Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես դռնապան, իսկ վերջին շրջանում պայքարում էր ծանր հիվանդության դեմ և համայնքային կառույցներից ստանում էր նյութական աջակցություն։

Դեպքի հանգամանքները բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Ենթադրյալ հանցագործը պնդել է, թե վարձավճարի շուրջ վեճ է ծագել, որից հետո բարկության պահին սպանել է Տեղիրմենճիօղլուին։ Սակայն զոհի բնակարանի և վարձավճարի վերաբերյալ առկա տեղեկությունները հակասություններ են առաջացնում, որոնք անհրաժեշտ է պարզել քննության շրջանակում։

Հակոբ Տեղիրմենճիօղլուի մահը ևս մեկ ծանր կորուստ է պոլսահայ համայնքի համար։ Դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք և անաչառ բացահայտումը կարևոր է՝ արդարության ապահովման և բազմաթիվ անպատասխան հարցերի պատասխանները գտնելու համար։