

Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Հակարիի կամրջի մոտ, ադրբեջանական կողմը փորձում է առաջխաղացում ունենալ, սակայն, ըստ Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանի, հայկական սահմանապահները թույլ չեն տալիս։ Նրա խոսքով՝ այս պահին կրակոցներ չկան, իրավիճակը հիմնականում ուղեկցվում է բանավոր վեճերով։
Ամարյանը նշել է, որ Հակարիի կամրջի հատվածում առկա է սահմանազատման խնդիր։ Նրա տեղեկացմամբ՝ Կոռնիձորում Հայաստան-Ադրբեջան սահմանի շուրջ 18 կիլոմետր հատված կա, և վերջին տարիներին գյուղում սահմանապահ զորքեր են ծառայություն իրականացնում։
Միաժամանակ Կոռնիձորի բնակիչները բարձրաձայնում են անվտանգության, աշխատատեղերի և արտագաղթի խնդիրները։ Բնակչուհի Նատաշա Դանիելյանի խոսքով՝ հատկապես երիտասարդները գյուղից հեռանում են աշխատանքի բացակայության պատճառով՝ հիմնականում տեղափոխվելով Կապան, Գորիս և Երևան։
Գյուղացիները նաև նշում են, որ սահմանամերձ պայմաններն ազդել են անասնապահության վրա․ մարդիկ խուսափում են անասուններին հեռու արոտավայրեր տանելուց՝ անվտանգության մտահոգությունների պատճառով։
Կոռնիձորում պաշտոնապես գրանցված է 1239 բնակիչ, սակայն ներկայում բնակվում է մոտ 1000 մարդ։ Գյուղում ապրում է նաև Արցախից բռնի տեղահանված 27 ընտանիք։
Տեղ համայնքի ղեկավարության ներկայացուցիչները կարևորում են սահմանազատման գործընթացը և գյուղում տնտեսական գործունեության զարգացումը՝ բնակչության համար կայուն ապրելու պայմաններ ստեղծելու նպատակով։
