Հակոբ Հակոբյան․ Արցախում ջրի խողովակ վերանորոգող հայ վարպետներին գնդակահարել են միայն հայ լինելու համար

  • by Editbeglari, 23 Հուլիսի, 2026 in Լուրեր
171 դիտում

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը «Պրեսսինգ» հաղորդաշարում անդրադարձել է արցախցիների սոցիալական խնդիրներին, վերադարձի իրավունքին և տարածաշրջանային անվտանգությանը։

Հակոբյանի խոսքով՝ Արցախի հայաթափումից հետո արցախցիների մեծ մասը շարունակում է ապրել ծանր սոցիալական պայմաններում, իսկ միայն ֆինանսական աջակցությունը չի կարող փոխարինել հայրենիքի կորստին։ Նա ընդգծել է, որ Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի դեռ արցախահայությունը չի հրաժարվել իր հայրենի հողում ապրելու իրավունքից։

Խոսելով Բաքվի հետ հարաբերությունների մասին՝ Հակոբյանը հիշեցրել է Արցախի շրջափակման տարիներին ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ նշելով, որ գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան պարբերաբար դադարեցվում էին, ինչի հետևանքով 2022 թվականի ձմռանը արցախցիները երկար ժամանակ մնացել էին առանց ջեռուցման։

Նա նաև պնդել է, որ Բաքվեցիները գնդակահարել են ջրի խողովակ վերանորոգող հայ վարպետների միայն այն պատճառով, որ նրանք հայ էին։ Հակոբյանի գնահատմամբ՝ նման գործողությունները քաղաքական հրահանգի արդյունք էին և ցույց են տալիս, որ Բաքվի իշխանությունների նկատմամբ վստահություն ունենալը, հատկապես գազի, էլեկտրաէներգիայի կամ այլ կենսական մատակարարումների հարցում, անիրատեսական է։

Հակոբյանը նաև մտահոգություն է հայտնել Բաքվի ռազմական ակտիվության, Արցախի մշակութային ժառանգության վիճակի և Հայաստանի անվտանգության մարտահրավերների վերաբերյալ՝ ընդգծելով, որ պետությունը պետք է հետևողականորեն պաշտպանի ազգային և պետական շահերը։