Արցախցիների բռնի տեղահանումից երեք տարի անց հազարավոր ընտանիքներ շարունակում են բախվել բնակարանային և սոցիալական լուրջ խնդիրների։ ԱՀ ԱԺ «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով՝ բնակարանային աջակցության ծրագիրը չի համապատասխանում բռնի տեղահանված անձանց իրական հնարավորություններին։
Հակոբյանը նշում է, որ ծրագրից օգտվելու հիմնական խոչընդոտներն են վարկունակության և գրավի ապահովման պահանջները, աշխատանքի ու բավարար եկամտի բացակայությունը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ունենալու պայմանը։ Բացի այդ, բնակարանների շուկայական գները հաճախ չեն համապատասխանում տրամադրվող աջակցության չափին։
Նրա գնահատմամբ՝ ծրագիրը, որը կարող էր արդյունավետ լինել Հայաստանի այլ քաղաքացիների համար, չի լուծում այն մարդկանց խնդիրները, որոնք բռնի տեղահանության հետևանքով կորցրել են իրենց բնակարաններն ու ունեցվածքը։ Հակոբյանը կարևորում է արցախցիների համար սոցիալական առանձնահատուկ կարգավիճակի սահմանումը՝ նրանց հատուկ կարիքներն ու կյանքի հանգամանքները հաշվի առնելու նպատակով։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերանայել աջակցության մոտեցումները, որպեսզի բնակարանային ծրագիրը ոչ թե նոր խոչընդոտներ ստեղծի, այլ իրական հնարավորություն դառնա բռնի տեղահանված ընտանիքների համար՝ ապահովելու իրենց բնակարանային կայունությունը։
